ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

«Միայն սահմանադրական փոփոխություններով հնարավոր կլինի իրականացնել ամբողջական և համակարգային իշխանափոխություն»

«Միայն սահմանադրական փոփոխություններով  հնարավոր կլինի իրականացնել ամբողջական և  համակարգային իշխանափոխություն»
18.11.2014 | 00:05

Սահմանադրության փոփոխությունների շուրջ լարվածությունը չդադարած` ԱԺ-ում 2015-ի բյուջեի քննարկումներն է՛լ ավելի սրեցին իշխանության և ընդդիմության ելույթների շեշտադրումները։ Հետաքրքրական է, որ, ըստ քաղաքագետ Աշոտ Մանուչարյանի, խնդիրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան տանդեմում է, քանի որ սահմանադրական փոփոխությունները խախտում են ներկա և նախկին նախագահների միջև եղած պայմանավորվածությունը` երկիրը տասը տարով կառավարելու առնչությամբ։ Արդյո՞ք այդպիսի պայմանավորվածություն կա, և ընդհանրապես, ինչպիսի՞ն է վերոնշյալի շուրջ ՀՅԴ-ի գնահատականը` զրուցեցինք ՀՅԴ խմբակցության անդամ, ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահի տեղակալ ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ։


-Գուցե և ասվածի մեջ ճշմարտություն կա, սակայն եթե անգամ այդպես է, արդյո՞ք մենք պետք է հրաժարվենք սահմանադրական փոփոխություններիցը։ Չէ՞ որ մարդիկ անցողիկ են, իսկ համակարգը պետք է ժողովրդի, պետության համար ստեղծի զարգացման իրական հնարավորություններ։ Ի՞նչն է պատճառը, որ շատերը մերժում են սահմանադրական փոփոխությունները։ Կարծում եմ, պատճառն ընդամենը այս կամ այն անձին երկրի կառավարման ղեկին տեսնելն է։ Եթե դա այդպես է, ապա ոչ միայն ես, այլև մեր քաղաքական ուժը մերժում է այդ մոտեցումը։ Անձով պայմանավորել երկրի զարգացումը կնշանակի անընդհատ փրկչի ինստիտուտի հետևից ընկնել։
-Բայց չէ՞ որ Փրկիչը մեկն է։
-Փրկիչը մեկն է, որին երկու հազար տարի առաջ խաչել են։ Հիմա չի կարելի կենդանի մարդկանց մեջ Փրկիչ որոնել։ Իսկ աշխարհի քաղաքականության մեջ «փրկիչ» հասկացությունը ազգի համախմբվածությունն է, որը կբերի խնդիրների լուծման. սա է փրկությունը։ Ինձ զարմացնում է նաև մարդկանց կեցվածքը, ովքեր, իրենց շահը գերադասելով պետության շահից, փորձում են հանրությանը ներկայանալ որպես երկրի վաղվա օրով մտահոգվածներ և, դրանից ելնելով, մերժում են ցանկացած փոփոխության քննարկում։
-Նկատի ունեք եռյակի՞ն։
-Նկատի ունեմ բոլորին, այդ թվում` եռյակի որոշ ուժերին, նաև եռյակին ամբողջությամբ վերցրած, ինչպես նաև արտախորհրդարանական քաղաքական ուժերին, որոնք խորհրդարանում չեն, ամեն կերպ պայքարում են խորհրդարան մտնելու համար և այդ ճանապարհին պատրաստ են ցեխ շպրտելու ամեն ինչի` պետության, քաղաքական ուժի վրա։ Սակայն դա ճանապարհ չէ. մեր ժողովրդի պատմությունը վկայում է, որ եթե չենք կարևորում ժամանակի տվյալ փուլում համախմբման, միասնական գիծ ունենալու անհրաժեշտությունը, ապա անընդհատ հարվածներ ենք ստանում։ Եթե պատմությունից դասեր չքաղենք, անընդհատ խարխափելու ենք խավարի մեջ։
-Պարոն Մինասյան, փորձենք խավարից դեպի լույսը գալ և խոսել 2015-ի ֆինանսական գլխավոր փաստաթղթի մասին։ Անցած շաբաթ ԱԺ-ի ամբիոնից Դուք ասացիք, որ բյուջետային ուղերձում չկան կոնկրետ խնդիրների հաղթահարման ծրագրեր։ Ըստ Ձեզ, ի՞նչ ծրագրեր պետք է լինեին, որ չկան։
-Առաջին հերթին կնշեի գործազրկության հաղթահարման խնդիրը, քանի որ թե՛ կառավարության ծրագրում, թե՛ բազմաթիվ այլ քննարկումներում այն ձևակերպվել է որպես երկրի առջև ծառացած թիվ մեկ խնդիր։ Եվ բյուջեն, որը, ըստ էության, պետք է ապահովի կառավարության հռչակած նպատակի իրացումը, այս դեպքում կոնկրետություն չի պարունակում։ Երկրորդ` չկան տնտեսական մրցունակության խթանմանն ուղղված ծրագրեր։ Օրինակ, դիտարկենք գյուղատնտեսության ոլորտը։ 2015-ի հունվարի 1-ից Հայաստանը մտնում է ԵԱՏՄ տարածք, ուստի գյուղմթերքների մրցունակության ապահովման խնդիրը պետք է լուծվի։ Հայտնի է, որ անգամ թուրքական մթերքները շատ ավելի ցածր գնով են վաճառվում այս տարածքում, քանի որ Թուրքիան սուբսիդավորում է ոլորտը։ Այդ տեսակետից կարևորում ենք Հայաստանի ջերմոցային տնտեսություններին կառավարության աջակցությունը` 30 %-ի չափով կարելի է սուբսիդավորել այդ ոլորտը։ Դա մեծ գումար չէ, մոտ 1,5 մլրդ դրամ, սակայն արդյունքը շատ շոշափելի կլինի։ Նախ, գյուղմթերքի արտադրության մասով կորուստ չենք ունենա, իսկ հետո կարող ենք ապահովել մրցունակություն։ Բացի այդ, բյուջետային փաթեթում չկան կոնկրետ ծրագրեր արդյունաբերական քաղաքականության մասով։ Ճիշտ է, գործադիրը բազմիցս հայտարարել է արտահանման, պոտենցիալ ներդրողներին խրախուսելու մասին, սակայն ներկայացված նախագծում հռչակված նպատակները ծրագրային տեսք չունեն։ Մինչդեռ հենց բյուջետային փաթեթն է այն փաստաթուղթը, որը նկատելի է դարձնում նպատակային ծրագրերի իրականացմանն ուղղված կառավարության քայլերը։ Ցավոք, այս էլ քանի տարի պետբյուջեն սահմանվում է որպես նպատակ` միջոցի փոխարեն։ Եվ այդ նպատակի շրջանակներում դրվում է բյուջեն կատարելու խնդիր։ Դա նշանակում է, որ տնտեսավարող սուբյեկտներից անընդհատ «կքաշեն» հարկերը, այդպիսով կփորձեն լուծել մուտքային մասը, որը, հնարավոր է, արդյունավետ չլինի ծրագրերի իրականացման մասով։
-Այսինքն, նորից հարկերը «տակից» կարող են բարձրացվել։
-Ըստ էության, այո։ Բացի այդ, ցավում եմ, որ մեր երկրում սոցիալական ոլորտը դիտվում է որպես ազատականացման տիրույթ։ Սա ոչ միայն հարիր չէ սոցիալական պետությանը, այլև անտրամաբանական մոտեցում է։ Սոցիալական պաշտպանվածության համակարգում այսօր կարևորվում է ոչ թե մարդը, այլ բյուջետային ռեսուրսների սահմանափակությունը։ Ըստ էության, սա ոչ միայն հակասահմանադրական է, այլև հակատրամաբանական։ Յուրաքանչյուր հաջորդ տարի մարդը պետք է կարողանա բարելավել իր սոցիալական վիճակը, մինչդեռ իրականացվող սոցիալական քաղաքականությունն ավելի վատթարացնում է այն շահառուների վիճակը, որոնց բարեկեցությանն են ուղղված բարեփոխումները։
-ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ պատգամավորներն ավելի շատ քննադատում են պետբյուջեի նախագիծը, բայց առաջարկներ չեն ներկայացնում։ Ձեր խմբակցությունն առաջարկություններ արե՞լ է, և եթե այո, ապա ի՞նչ եք կարծում, դրանք կընդունվե՞ն։
-Նախ, կարծում եմ, որ պարոն Շարմազանովի խոսքն ուղղված չէր իմ ելույթին կամ մեր խմբակցությանը, քանի որ մենք միշտ մեր խոսքը հիմնավորում ենք հստակ այլընտրանքային առաջարկներով։ Մենք նոյեմբերի 14-ին ներկայացրել ենք եկամուտների և ծախսերի մասով հստակ առաջարկ, մասնավորապես, առաջարկել ենք եկամտային մասով լրացուցիչ 25 մլրդ դրամի աճ ապահովել ԱԱՀ-ի և եկամտային հարկի հաշվին։ Մեր առաջարկը գործնականում հնարավոր է, քանի որ, մեր գնահատմամբ, գործադրված մեթոդաբանության արդյունքում թերհաշվարկ է տեղի ունեցել։ Ինչ վերաբերում է Ձեր հարցին` կընդունվեն, թե ոչ, ապա քննարկումները ցույց կտան։ Համենայն դեպս, մենք մեր առաջարկներում ոչ միայն ֆինանսական միջոցների աղբյուրն ենք ցույց տվել, այլև մատնանշել ենք ծախսային ուղղությունները։ Այսինքն, ֆորմալ առումով նախկինի նման մերժելու առիթներ չկան։ Մնում է կառավարության ցանկությունը։
-Ինձ թվում է, որ ձեր խմբակցության առաջարկները հնարավոր է ընդունվեն, քանի որ ՀՅԴ-ն եռյակի հետ չէ շատ հարցերում, ինչը իշխանությանը դուր է գալիս։
-Գուցե դուր է գալիս, սակայն մենք չենք կապում այդ հարցերն իրար հետ։ Անկեղծ ասած, ինձ չի էլ մտահոգում եռյակի կեցվածքն այս հարցում։ Մենք միշտ էլ ասել ենք, որ երկրում ստեղծված իրավիճակի ելքը համախոհության մեջ է։ Միայն միասնականությունն է, որ կարող է ելք ապահովել։ Այդ տեսակետից մեզ համար ընդունելի չէ ոչ միայն իշխանության «ջայլամի» քաղաքականությունը, այլև հաճախ եռյակի մերժողական մոտեցումները։ Նկատեմ, որ նույն 12 կետերի շրջանակում եթե իշխանությունները պատրաստակամ են դրանք նորից քննարկելու, գտնելու լուծումներ, ապա, այո, մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է նստել քննարկումների սեղանի շուրջը և հասնել արդյունքի։ Մենք չենք կարող իշխանության այդ առաջարկը մերժել միայն այն պատճառով, որ դա անում է իշխանությունը։ Ո՛չ, «ամեն ինչ կամ ոչինչ» մոտեցումը չի տեղավորվում ՀՅԴ-ի ներկա քաղաքականության մեջ։ Մեր խորին համոզմամբ, միայն սահմանադրության փոփոխություններով հնարավոր կլինի իրականացնել ամբողջական և համակարգային իշխանափոխություն։ Զուգահեռաբար փոփոխություններ պետք է կատարվեն նաև ընտրական օրենսգրքում։ Եվ ամենակարևորը, իշխանության և ընդդիմության հավասարակշռված մասնակցությունը պետության կառավարման գործում կարող է նպաստել երկրի զարգացմանը։ Պետք է ստեղծվի միասնական քաղաքական համակարգ։ «Ամեն ինչ հաղթողին» սկզբունքը տանում է դեպի վիճակի սրում։ Սա բացառելու համար անհրաժեշտ է հիմնարար փոփոխությունների ենթարկել Սահմանադրությունը, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի, անկախ այն բանից, թե որ քաղաքական ուժին է սատարում, կարողանա իրացնել իր պոտենցիալը` ի շահ պետության։

Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1401

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

‚‰/1349339141" rel="nofollow">«Իրատես» թերթի արխիվից
Գիրումիր
  • Մարզական
  • Կենսակերպ
  • Տեսանյութ
  • Այլ
  • 13.05.2025